Հայկական տարազը հազարամյակների խորքից է գալիս և իր մեջ է արտացոլում հայ ազգի ամբողջական պատմությունը՝ հեթանոսական դարաշրջանից մինչև մեր օրերը: Հայկական տարազի մասին տեղեկություններ ենք ստացել ժայռապատկերների վերլուծություններից, պատմագիրների հաղորդած որոշ տվյալներից (Փ. Բուզանդ, Թ. Արծրունի, Քսենոփոն): Տարազը ազգային հատկանիշները բացատրող գլխավոր գույներից մեկն է։ Հայկական ազգային տարազի գունային մտածողության մեջ գերակշռում է հիմնականում կարմիրը, մանիշակագույնը, շիրանին, մուգ կանաչ, շականակագույնը, կապույտի բազմաթիվ երանգներ և սևը: Հայկական տարազը հայ ժողովրդի մշակութային նյութական դրսևորումից է, որ մեկնաբանում է ժողովրդի տնտեսական մակարդակը, կլիմայական պայմանները, մշակութային զարգացման աստիճանը: Յուրաքանչյուր ժողովրդի տարազաձևերի զարդանախշերի գունային համակարգը ձևավորվել է ժամանակի ընթացքում՝ տվյալ ժողովրդի մտածողությանը, գեղագիտական ճաշակին ու ըմբռնումներին համապատասխան: Ժողովրդական տարազում արտացոլվում են ժողովրդական գիտակցության կարևոր գծերը, նրա սոցիալական, բարոյական, կրոնական համոզմունքները: